Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակի կապակցությամբ օգոստոսի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Օգոստոս 23» իրավապաշտպան կազմակերպությունը միջոցառում էին կազմակերպել նախկին Գերագույն խորհրդի (ներկայիս կառավարության) նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Հենց այս դահլիճում է 20 տարի առաջ ընդունվել Հայաստանի անկախության հռչակագիրը։

Հանդիսությանը ներկա էին Աժ պատգամավորներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

«Միշտ իմացեք, հայոց անկախությունը հայ ժողովրդինն ու հայոց պետականությանն է։ Այս պատմական տոնի առիթով շնորհավորում եմ ձեզ, աստվածային շնորհ ունեցող հայ ժողովուրդ, միշտ եղեք հոգեպես ուժեղ, միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել եւ գտնվում եք հայոց առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Միշտ իմացեք, որ դուք եք հաղթնակած պետության քաղաքացին ու զինվորը»,- իր խոսքում նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Սյունյաց Արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկը Ասրյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իր հերթին ասաց, որ անկախությունը հայ ժողովրդի համար հոգեհարազատ եւ բացարձակ արժեք է։ «20-րդ դարում հայ ժողովուրդը 3 անգամ պետականություն է հիմնադրել։ Պայքարել ու մաքառել է անկախության համար, եւ այսօր հավաստում ենք, որ պետականության կողքին կանգնած ենք լինելու»,- նշեց պատգամավորը։        

Հիշեցնենք, որ Հռչակագրի 12 կետերով Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան պետություն՝ «օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ», սահմանվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Հռչակագիրը, ըստ 12-րդ կետի, «հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»:

Իրական անկախությունը Հայաստանը ձեռք բերեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին`համաժողվրդական հանրաքվեով։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի