Դպրոցական Թոմաս Բարիջը՝ Սուրրեյ կոմսությունից, դարձել է մի զարմանալի գյուտի հեղինակ, որը հնարավոր է դարձնում սկբունքայնորեն նոր տեսակի էկրանների, սենսորների ու նույնիսկ հագուստի ստեղծումը:
Ինչպես հայտնում է ВВС-ն ՝ տղայի գիտական աշխատանքը, որը նա արել էր ամառային պրակտիկայի ընթացքում, կարող է կարեւոր դեր կատարել էլեկտրոնային ճկուն սարքերի զարգացման ապագա գործում:
Խոսքը «ՄԴՊ» տրանզիստորների մասին է, որոնք ավելի թեթեւ ու տնտեսող են ավանդականի համեմատ: Դրանք օգտագործվում են այն համակարգերում, որոնք վերահսկում են էլեկտրոնային սարքերի էկրանների հստակ եւ գունեղ պատկերը: Դաշտային «ՄԴՊ» տրանզիստորները վաղուց են հայտնի, բայց դրանց կիրառման ոլորտը սահմանափակ էր, քանի որ համարվում էր, որ նման տրանզիստորները լուրջ թերություն ունեն. դրանք կարող են շատ արագ տաքանալ, հետեւաբար անհուսալի են՝ միկրոսխեմաներում: Սակայն հետազոտության արդյունքները, որոնք Թոմասն ու նրա գիտական ղեկավարը տպագրել են Scientific Reports ամսագրում, վկայում են այն մասին, որ այդ թերությունները վերացնելը բավականին հեշտ է:
18 ամյա Թոմաս Բարիջն անցած ամռանը SATRO բարեգործական ծրագրի օգնությամբ պրակտիկա էր անցնում Սուրեյի համալսարանում: Թոմասը կարողացել է իր համակարգչում մոդելավորել նման տրանզիստորների վարքագիծը տարբեր ռեժիմներում ու պարզել է, որ դրանց երկրաչափության պարզ փոփոխությունը թույլ է տալիս ամբողջովին լուծել «ինքնատաքացման» խնդիրը: Նման տրանզիստորների հնարավորությունները անսահմանափակ են, քանի որ դրանք կարելի է տպագրել թղթի նման, արտադրական ծախսերը շատ քիչ են:





























