Հայաստանում օնլայն խաղատների մուտքը փակելը տեխնիկապես բարդ կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայաստանի ինտերնետային տիրույթ» ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղիյանը:
Հարցն այն է, որ արտասահմանյան օնլայն խաղատները, որտեղ դրույքներ են դնում նաեւ հայ օգտատերերը, ոչինչ չեն վճարում Հայաստանի բյուջեին ՝ ի տարբերություն Հայաստանում գործող ֆիզիկական խաղատների, որոնք գրանցվում են Ֆինանսների նախարարությունում, ստանում արտոնագիր ու կանոնավոր տուրքեր վճարում:
Տեսականում արտասահմանյան օնլայն խաղատները նույնպես պետք է այդպես անեն: Բայց հաշվի առնելով Հայաստանի փոքրիկ շուկան ՝ քիչ հավանական է, որ նրանք համաձայնեն դրան, հավելեց Սաղիյանը:
Ելքերից մեկը կարող են դառնալ Հայաստանից այդ խաղատների ուղղությամբ գնացող ինտերնետային տրաֆիկի վրա դրվող ֆիլտրերը: Բայց այդ լուծումը կարող է տեխնիկապես բարդ լինել:
Կան նաեւ արգելքի այլ մեխանիզմներ, հավելեց նա:
ԱՄՆ-ում, որտեղ օնլայն մոլախաղերը խիստ սահմանափակումների են ենթարկվում, պայքարն այլ կերպ է իրականացվում ՝ օնլայն խաղատները պարզապես չեն ընդունում գումար այն պլաստիկ քարտերից, որոնք թողարկում են ամերիկյան բանկերը,որպեսզի հետո ԱՄՆ իրավապահ համակարգի հետ խնդիրներ չունենան, նկատեց փորձագետը:
Հիմա օնլայն խաղատների մուտքը սահմանափակելու հնարավորությունները քննարկվում են Ինտերնետի կառավարման հանրապետական խորհրդում, որի կազմում են Հայաստանի պետմարմինների, հասարակական կազմակերպություններ, բիզնեսի ու Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները: Հանձնաժողովի ղեկավարն է ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը:




























