Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի 6-րդ շենքի մոտ հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու դիակ` գլուխը ջախջախված:

Նախնական տվյալների համաձայն, հնարավոր է, որ նրան վրաերթի են ենթարկել:

Ոստիկանության աշխատակիցները ահազանգն ստացել են առավոտյան 9.30-ի սահմաններում եւ կես ժամ անց եղել են դեպքի վայրում:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Երեւանի ճանապարհային եւ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի քննիչը դեպքի վայրում կատարում են տեղազննման աշխատանքներ: Աշխատանքները ղեկավարում է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Դեպքի վայր են ժամանել նաեւ 1-03 ծառայության աշխատակիցները:

Ըստ Գագիկ Շամշյանի, վրաերթից մահացածը նույն շենքի բնակիչ 73-ամյա Բենիկ Գրիգորյանն է: Թեեւ արդեն հաստատվել է վրաերթի վարկածը, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ մակնիշի ավտոմեքենա է վրաերթի ենթարկել Բ. Գրիգորյանին եւ դիմել փախուստի:


Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի