Facebook–ը Գերմանիայի արդարադատության նախարարության հետ միասին մտադիր է պայքարել սոցցանցում այլատյաց ու ռասիստական տրամադրությունների դեմ, հայտնում է Gazeta–ն ՝ վկայակոչելով Wall Street Journal–ը։
Մերձավոր արեւելքից ու Աֆրիկայից դեպի Գերմանիա զանգվածային ներգաղթի կապակցությամբ Facebook սոցցանցը հեղեղվել է ռասիստական ու այլատյաց բնույթի մեկնաբանություններով։ Շատ օգտատերեր նաեւ քննադատում են երկրի տարածք օտարերկրացիների ազատ մուտքի հարցում Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Այս կապակցությամբ արդարադատության նախարար Հայկո Մաասը Facebook –ի ներկայացուցիչների հետ պայմանավորվել է հատուկ խումբ ստեղծել, որը կնույնականացնի հակաօրինական մեկնաբանությունները ու կհեռացնի դրանք։
Փախստականների հասցեին տհաճ մեկնաբանությունների հեռացման գործընթացը արագացնելու նպատակով Facebook –ը նաեւ ֆինանսական աջակցություն կցուցաբերի այն կազմակերպություններին, որոնք տեղեկություններ են հավաքում հակաիրավական կոնտենտին ներկայացվող բողոքների մասին։





























