Հայաստանը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ամենակարճ ուղին է։ Այս կապը կարող է ապահովել Իրան-Հայաստան երկաթուղին։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ «Իրան. Պատժամիջոցների չեղարկում եւ հնարավոր տարածաշրջանային իրադարձություններ» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի կարծիքով Իրան-Հայաստան երկաթուղին իրական ուրվագիծ է ստանում, եթե հաշվի ենք առնում հայ պաշտոնյաների հայտարարությունները եւ չինական կողմի առաջարկները։ «Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններն այնպես են դասավորվել, որ Հայաստանը ոչ միայն չի կորցրել իր կարեւորությունը Իրանի համար, այլ նաեւ որոշակի հնարավորություններ է ստացել։ Դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիայում ծավալվող իրադարձություններին։ Փաստացիորեն Թուրքիայի տարածքում պատերազմ է ծավալվում, քուրդ ապստամբները մի քանի անգամ նավատար եւ գազատար խողովակներ են պայթեցրել։ Այդ առումով Թուրքիան անհուսալի երկիր է դարձել եւ փաստացի մրցակից չէ Հայաստանի համար։ Մեր մյուս մրցակիցը Ադրբեջանն է, որը կարող է միջանցք հանդիսանալ Իրանից դեպի հյուսիս եւ Եվրոպա, սակայն այստեղ նույնպես լուրջ խնդիրներ կան»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։




























