Թեհրանը Դամասկոսին օգնում է ռազմական տեխնիկայով, բայց իրանական ռազմական ստորաբաժանումներ Սիրիայի տարածքում չկան, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Այդ երկիրը աջակցում է սիրիական պետությանը ՝ քաղաքական, տնտեսական ու ռազմական ոլորտներում։ Ռազմական աջակցություն ասելով ՝ ես նկատի չունեմ այն, ինչ որոշ արեւմտյան լրատվամիջոցներ են ձգտում ներկայացնել՝ ասելով իբրեւ Իրանը ռազմական ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա։ Դա ճիշտ չէ»,– ասել է նա ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թեհրանը մեզ ռազմական տեխնիկա է մատակարարել։ Բնականաբար Սիրիայի ու Իրանի միջեւ կա նաեւ ռազմական մասնագետների փոխանակություն, սակայն այդ փոխանակությունը միշտ է եղել։ Պատերազմական պայմաններում նման երկկողմանի համագործակցությունն, իհարկե, ուժեղանում է։ Այո, Թեհրանի օգնությունը այն հիմնական տարրն է եղել, որը նպաստել է Սիրիայի դիմացկունությանը ՝ այս բարդ ու բարբարոսական պատերազմում »,– ճշգրտել է Ասադը։
Նա հիշեցրել է, որ Սիրիայի ու Իրանի հարաբերություններն արդեն ավելի քան 35 տարվա դրական պատմություն ունեն։
«Մեզ կապում են դաշնակցային հարաբերությունները ու փոխադարձ մեծ վստահությունը։ Դրա համար էլ մենք համարում ենք, որ Իրանը կարեւոր դեր է կատարում։ Իրանը հանդես է գալիս Սիրիայի ու նրա ժողովրդի կողմից»,– շեշտել է Սիրիայի նախագահը։




























