Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) պնդում է, որ չի ճանաչում «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին, որը պատգամավորին մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ:
«Քննչական մարմինները զբաղվում են, ինքը փախած ա, երբ կհայտնաբերեն, ամեն ինչ կպարզվի: Ես սրճարան չունեմ, ինքը ո՞վ ա, որ իրան հրավիրեմ, ես իրան չեմ էլ ճանաչում: Սկի իրան հանդիպած էլ չլինեմ: Բացի դրանի՝ իրանք մարդ ու կնիկ փող են գողացել եւ փախել: Իմ մասին որ էդքան ամբախ-զամբախ բաներ ա խոսում, ես ի՞նչ կապ ունեմ»,- ասաց պատգամավորը:
Նրա համար զարմանալի է, որ իրեն մեղադրում են «Գազպրոմ Արմենիա»-ի համար ակտիվիստին ծեծի ենթարկելու համար:
«Ես գազն օգտագործում եմ՝ որպես սպառող, ոչ ավելին»,- ասաց պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ oգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել: Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ օգոստոսի 15-ին երեկոյան իրենց ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ պարզվել էր, որ Վահան Մարտիրոսյանի ընտանիքում վեճ է եղել, ինչի հետեւանքով էլ ամուսինները մարմնական վնասվածքներ էին ստացել: Քրեական գործը կարճվել է:











