Ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը շատ կարեւոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար, քանի որ թույլ կտա ոչ միայն լրացնել շահագործումից դուրս եկող ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի բացը, այլեւ ավելացնել էժան էլեկտրաէներգիայի առաջարկը: Այդ մասին հայտարարել է «Էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտ» հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Կոնդրատեւը, հաղորդում է EnergyLand.info-ն:
Նրա խոսքով, ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության հարցում որպես գործընկեր Ռուսաստանի ընտրությունը պատահական չէ, քանի որ ռուսական նախագծով կառուցված Հայկական ԱԷԿ-ը պահպանեց իր աշխատունակությունը Սպիտակի երկրաշարժից հետո:
Միեւնույն ժամանակ, Սերգեյ Կոնդրատեւի խոսքով, կողմնակի ներդրողների ներգրավումը (որոնք կարող են ֆինանսավորել նախագծի 60 տոկոսը) թույլ կտա դիվերսիֆիկացնել ռիսկերն ու այլ շահագրգիռ խաղացողներ ներգրավել: «Օրինակ, իրանական ընկերությունները: Արդեն այսօր Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը բաժին է հասնում Իրանին»,- ասել է նա:
Երեւանում օգոստոսի 20-ին ստորագրվել է Հայաստանի տարածքում նոր ատոմային բլոկի շինարարության համաձայնագիրը Մոսկվայի եւ Երեւանի միջեւ: Ինչպես ստորագրման նախաշեմին հայտարարել էր «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել 5 մլրդ արժողությամբ նախագծի 20 տոկոսը:
Արդեն ստեղծվել է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ԱԷԿ-ի շինարարության համար: Այն ապահովելու է կայանի 40 տոկոսը, իսկ մնացած 60 տոկոսն ապահովվելու է օտարերկրյա ներդրողների հաշվին, որոնց ներգրավման բանակցությունները վարում է Հայաստանի կառավարությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր: Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:



























