Կալիֆորնիայի բնակիչ Ռենե Ուիլֆորդը մի քանի միլիոնի փոխհատուցում է պահանջել Twitter ընկերությունից ՝ իր անձնական հաղորդագրությունները կարդալու համար, հայտնում է The Register-ը:

Հայտատու կնոջ կարծիքով, ընկերությունը կարողանում է կարդալ օգտատերերի անձնական հաղորդագրությունները, չնայած արտոնագրային պայմանագրում ամրագրված է, որ դրանց «գաղտնիությունն ապահովված է»: Կինը վստահեցնում է, որ այդ ձեւով Twitter-ը խախտում է գաղտնիության մասին օրենքը ու ներխուժում է անձնական կյանք:

Կինը եզրակացրել է, որ անձնական նամակագրությունը հասանելի է ընկերության աշխատակիցների համար այն բանի հիման վրա, որ Twitter-ը հաղորդագրություններում պարունակվող սովորական հղումները փոխարինում է կարճ անալոգներով, որոնք օգտագործում են t.co դոմենի հասցեն: Հատատուն համարում է, որ այդ պրակտիկան համազոր է անձնական հաղորդագրությունները «կարդալուն», հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մինչեւ հաղորդագրությունը հասցեատիրոջը հասցնելը ՝ Twitter-ը որսում ու ձեւափոխում է հաղորդագրության բովանդակությունը: Այն պահին երբ օգտատերը սեղմում է «ուղարկել» կոճակը, Twitter-ը սկանավորում է ու փոխում հաղորդագրության բովանդակությունը»,- հայտարարել է Ուիլֆորդը:

Ընկերությունն էլ իր հերթին հայտարարել է, որ Ուիլֆորդի բողոքը անհիմն է եւ Twitter-ը պատրաստ է դատարանում ապացուցել դա: Այնտեղ նշել են, որ իրենց ծառայությունը չի կարդում հաղորդագրությունները, այլ ավտոմատիզացված համակարգի օգնությամբ փոխում է հիպերհղումները: