Սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացավ Բրիտանական բանակի զինվորական նվագախմբի եւ Հայաստանի Պաշտպանության նախարարության նվագախմբի համատեղ համերգը: (ֆոտոռեպորտաժ)

Հանրապետության հրապարակում կայացած միջոցառմանը ներկա էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչներ, Բրիտանական ռազմական կցորդ Նիք Ուիլքսը, զինվորականներ եւ այլ հյուրեր:

Համերգի սկզբում նվագախմբերը հանդես եկան առանձնաբար, այնուհետեւ ելույթ ունեցան միասին՝ բրիտանական, հետո նաեւ՝ հայկական խմբավարների ղեկավարությամբ: Երաժիշտները կատարեցին բրիտանական եւ հայկական մեղեդիներ, ինչպես նաեւ երկու երկրների պետական օրհներգերը:

Ելույթից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին՝ նշելով, որ այսպիսի միջոցառումները նպաստում են Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը: Նախարարը նաեւ հուշանվերներ հանձնեց բրիտանացի հյուրերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նվագախումբը համերգ էր տվել Կասկադում եւ Ազատության հրապարակում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am