Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգման մասին պայմանագիրն, ըստ էության, նոր պայմանագիր է՝ բովանդակային բավական փոփոխություններով, որոնք առանցքային են ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլ նաեւ ողջ տարածաշրջանի համար։ Օգոստոսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով, մինչեւ այդ պայմանագրում որոշ դրույթներ չհստակեցվեն, դրա մասին կոնկրետ որեւէ բան ասել հնարավոր չի լինի։ Իսկ այդ դրույթներն, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, երեքն են. նախ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված նոր պայմանագրում չի խոսվում Արցախի եւ նրա անվտանգության ապահովման մասին, երկրորդը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 համալիրի վաճառքի հարցն է, որը չհերքեց նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ երրորդ մտահոգիչ կետը պայմանագիրը 49 տարով երկարաձգելու մասին դրույթն է։ «Սրա վերաբերյալ իշխանությունները որեւէ հոդաբաշխ պատասխան չեն տվել»,- հիշեցրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։

«Պետք է անել այնպես, որ Ռուսաստանը հասկանա, որ Հայաստանը դժգոհ է հատկապես C-300 համալիրի՝ Ադրբեջանին վաճառելու մասով»,- ընդգծեց քաղաքական գործիչը հավելելով, որ հայ-ռուսական նոր պայմանագրից ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի առաջնային հետաքրքրությունների շրջանակներում է: «Այս առումով բավական հետաքրքիր է վերջին թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որն, ի հակակշիռ հայ-ռուսական պայմանագրի, սիմետրիա է պահում տարածաշրջանում՝ այս կերպ բերելով բլոկային պայքարի»,- ավարտեց նա։

Հիշեցնենք, որ Ռոսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված արձանագրության համաձայն ռուսկան ռազմաբազային  ներկայությունը մեր երկրում նախատեսվում է երկարաձգել 49 տարով` մինչեւ 2046 թվականը: