Beeline-ը Հայաստանում triple play (3-ը 1-ում) ծառայություն է թողարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության (Beeline պրանքանիշ) իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը: 3-ը 1-ում ծառայությամբ (IP հեռուստատեսություն, համացանց եւ հեռախոս), որն արդեն առաջարկում են շուկայի մյուս մասնակիցները, ընկերությունը շուկա է մտնում հիմա, քանի որ ժամանակ էր հարկավոր՝ ամբողւջ հանրապետությունում իր ցանցը կարգի բերելու համար:
CDMA-կապը, որը ֆիքսված հեռախոսակապ է ապահովում բազմաթիվ մարզերում, չափազանց թույլ է այդպիսի տրաֆիկի համար, այդ պատճառով, ըստ անհրաժեշտության, կա՛մ օպտիկական, կա՛մ ADSL-ալիք կներդրվի:
Ֆիքսված հեռախոսակապի փաթեթը կկրճատվի, փոխարենը կմեծացվեն համացանցի եւ հեռուստատեսության համար նախատեսված ալիքները: Ընդ որում, ստանդարտ սակագնային պլանի համեմատ (1.100 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ ամսական 360 անվճար րոպեները), երկու անգամ նվազել է գինն ու րոպեների պաշարը: Այլ կերպ ասած՝ մեկ րոպեի արժեքը նույնն է մնացել:
«Մեր փորձը ցույց է տալիս, որ հիմա շատերը հեռախոսից ավելի քիչ են օգտվում, փոխարենն ավելի շատ օգտագործում են համացանց եւ IP հեռուստատեսություն»,- պարզաբանեց Սանդուխչյանը:
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի խոշորագույն հարկատուներից եւ հեռահաղորդակցության օպերատորներից է:




























