Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ստեղծում է Գյումրի հակակոռուպցիոն կենտրոն (ԳՀԿ), որը մինչեւ 2010 թվի սեպտեմբերի վերջը կկազմավորվի որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն:
Նման նախաձեռնության հիմք է դարձել այն, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիայից տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր: Ծրագիրն ավարտվել է, իսկ «Ասպարեզը» ցանկանում է շարունակել այդ ուղղությամբ գործունեությունը:
«Ասպարեզ» ակումբից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի իրականացման 22 ամիսների ընթացքում կենտրոն դիմած շահառուների թիվը կազմել է 352, նրանցից 324-ին մատուցվել է իրավաբանական խորհրդատվություն, 51-ի բողոքները կապված են եղել տեղական, պետական իշխանությունների, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործողությունների կամ անգործության հետ եւ կրել են կոռուպցիոն բնույթ, որն արտահայտվել է անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահումներով, լիազորությունների անցմամբ, ինքնիրավչությամբ, կաշառակերության հատկանիշներով եւ այլն: Կենտրոնի շահառուներից 16-ի շահերի պաշտպանության համար նախաձեռնվել են դատական գործեր, որոնցից երկուսը կողմնակալ դատավորի պատճառով տանուլ է տրվել (Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի անդամները ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետի), իսկ 14-ը անաչառ դատաքննության շնորհիվ բարեհաջող ավարտվել է շահառուների օգտին (Գյումրեցի 13 շինարարներն ընդդեմ «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի, Գոհար Աբրահամյանը ընդդեմ Շիրակի մարզպետի):
128 շահառու դիմել է կենտրոն թեժ հեռախոսագծով, նրանց տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ CASALS&Associates կազմակերպության դրամաշնորհային օժանդակությամբ, միջոցները տրամադրել է ամերիկյան ժողովուրդը:
Գյումրիի հակակոռուպցիոն կենտրոնի առաքելությունն է լինելու մասնակցել Հայաստանում պետության զավթման որակի կոռուպցիայի թուլացմանն ու վերացմանը:


























