Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը փոխկապակցված են, եւ հնարավոր զարգացումների դեպքում ՀԱՊԿ-ի համար միեւնույն չի լինի ԼՂՀ-ին սպառնացող վտանգը: Օգոստոսի 24-ին ասուլիսում նման տեսակետ է հայտնել ՀԱՊԿ իստիտուտի Հայաստանի ազգային բյուրոյի տնօրեն Նվեր Թորոսյանը, հավելելով, որ ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը 49 տարով երկարաձգելու համաձայնագրի ստորագրումը մեր բարոյական հաղթանակն էր: Նրա խոսքով, պատերազմի վերսկսման վտանգի սպառնալիքն այս պայմանագրով չեզոքանում է, իսկ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն այլեւս ծիծաղելի են դառնում: 

Հարցին, թե արդյոք, ՀԱՊԿ-ն կմիջամտի՞, եթե Ադրբեջանը հարձակվի ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ղարաբաղի վրա, Նվեր Թորոսյանը պատասխանել է. «Դուք կարո՞ղ եք ցույց տալ սահմանը, թե որտեղ է ավարտվում ԼՂՀ անվտանգությունն ու սկսվում Հայաստանի անվտանգությունը: Այսինքն' իմ կարծիքով, Հայաստանի անվտանգությունն ու ԼՂ անվտանգությունը փոխկապակցված են»:

Այնուհետեւ անդրադառնալով ռուսական կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրներ վաճառելուն, նա նշել է. «Պետք չէ խանդով վերաբերել Ռուսաստանի հարաբերություններին այլ երկրների հետ, եւ բացի այդ, չնայած C-300 -ի վաճառքի փաստը ոչ հաստատվել, ոչ հերքվել է ՌԴ-ի կողմից, բայց Ադրբեջանը կարող էր նույն այդ համակարգը գնել երրորդ երկրներից»: