ԱԷՄԳ-ը Իրանի հետ գործարքի իրականացման շրջանակներում մեխանիզմ է ստեղծել, որը թույլ է տալիս փորձագետների համար անարգել մուտքի հասանելիություն ապահովել Իրանի միջուկային օբյեկտներ, իսկ համաձայնեցման ընթացակարգն այսուհետեւ մեկ ամսից էլ պակաս է տեւելու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը։

«Ստեղծվել է արդյունավետ մեխանիզմ, որով ԱԷՄԳ գործակալներին հասանելիություն է ապահովվելու Իրանի միջուկային օբյեկտներ, որտեղ տեսականորեն կարող է իրականացվել Իրանի միջուկային գործարքին չհամապատասխանող գործունեություն։ Դա նշանակում է, որ գործնականում ցանկացած հիմնավոր  կասկած առաջանալու դեպքում ԱԷՄԳ-ին միջուկային օբյեկտներ հասանելիություն ապահովելու գործընթացում ցանկացած սայթաքում բացառված է, իսկ հասանելիություն ապահովելու ընթացակարգը մեկ ամսից ավելի չի տեւի»,- ասել է Ուլյանովը։