ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննադատեց ՀԱԿ-ին` Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ընթացքում իշխանությունների հանդեպ մեղադրանքներ հնչեցնելու համար:

«Մեր ՀՀՇ-ական գործընկերներին թվում է, որ եթե իրենք անունը փոխեցին, յառլիկը փոխեցին ՀԱԿ-ի ապա ժողովուրդը մոռացել է , թե ում հետ գործ ունի, եւ այստեղ շռայլ մեղադրանքներ շաղ տալով` նրանք փորձում են ցույց տալ, թե իբր 1995թ. Սահմանադրությունն անցել է այսպես ասած կոնսենսուսի պայմաններւմ` մոռանալով, որ 1995թ. կուսակցությունների մի մասն արգելված էր, կուսակցական ընդդիմադիր գործիչները բանտերում էին , թերթերը արգելված էին, փակված էին. ո՞ր մեկն ասեմ: Ժողովուրդը շատ լավ է հիշում Լեւոն Տեր- Պետրոսյանի` կեղծիքով անցկացրած եւ ժողովրդի վզին փաթաթած Սահմանադրության տարբերակը: Եվ պետք չէ այստեղ հույս դնել, որ երիտասարդ սերունդը չգիտի դրա մասին , երիտասարդներն էլ գիտեն մեծերն էլ գիտեն»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումները քննադատելու փոխարեն լավ կաներ` այլընտրանքային տարբերակ ներկայացներ:

«Այն ժամանակ ընդդիմությունը վեցյակ ստեղծեց եւ պահանջեց Սահմանադրության ալտերնատիվ տարբերակ , բա ինչի՞ չներկայացրիք ալտերնատիվ տարբերակ, բա  ընդդիմությունը այպիսին է լինում, կոնկրետ առաջարկ է ներկայացնում, ոչ թե միայն փնթփնթում է, բամբասում եւ կեղծ մեղադրանքներ ներկայացնում: Շատ տարօրինակ է, որ ըննդիմությունը, որ պահանջում էր փոփոխություններ , այժմ դրանք մերժում է նոր Սահմանադրությամբ»,-ասաց Հայկ Բաբուխանյանը: