Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի' փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փախստականների ինտեգրման եւ նրանց խնդիրները լուծելու գործում Հայաստանի կառավարության ջանքերին գրասենյակի  ցուցաբերած աջակցության համար:

Նախագահն ընդգծել է, որ,  չնայած կատարված մեծ աշխատանքին, բազմաթիվ փախստականներ դեռեւս ապրում են ժամանակավոր կացարաններում: Հանրապետության ղեկավարը կարեւորել է փախստականներին բնակարաններով ապահովելու  գործում հանձնակատարի գրասենյակի եւ կառավարության միջեւ համագործակցության շարունակականությունը:

ՄԱԿ-ի' փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն ասել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ կառավարության ճիշտ եւ նպատակամղված երկարամյա համագործակցությունը, իսկապես, մեծ արդյունքներ է տվել:

Սերժ Սարգսյանն ու Դամթյու Դեսալեյնը խոսել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի վերոհիշյալ  գրասենյակի միջեւ համագործակցության առաջիկա  ծրագրերի մասին, մասնավորապես, կարեւորել 2011թ. կազմակերպվելիք դոնորների համաժողովը, որին կմասնակցի նաեւ Կազմակերպության' փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ  Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին: Նշելով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել փաստը, որ նրանք ընդգրկված չեն ՄԱԿ-ի' փախստականներին աջակցության ծրագրերում: