Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ քննարկել է ողջ ԱՊՀ տարածքում միջկրոնական համագործակցության հեռանկարները:
«Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը շատ կարեւոր է ադրբեջանական ժողովրդի եւ բոլոր մահմեդականների համար»,- օգոստոսի 24-ին կայացած այդ հանդիպման ժամանակ ասել է Փաշազադեն: Նա ընդգծել է, որ ոչ միայն ռուս ուղղափառ, այլեւ մահմեդական աշխարհում ռուս ուղղափառ եկեղեցին «մեծ հեղինակություն» է վայելում:
«Անձամբ շնորհակալ եմ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման հարցում մեր գաղափարներին աջակցելու համար: Դա շատ կարեւոր է մեր ժողովրդի եւ մեր մահմեդականների համար»,- ասել է Փաշազադեն: Նա հատկապես, կարեւորել է այն փաստը, որ Բաքվում համաշխարհային կրոնական գագաթաժողովին մասնակցել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հիշեցնենք, որ Փաշազադեն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, թե այսօրվա հանդիպումը լինելու է եռակողմ, որին մասնակցելու է նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը: Սակայն Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնել են, որ նման հանդիպում նախատեսված չէ եւ դրա վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չի եղել:



























