Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (Աշտարակ) տնօրեն, Հայաստանի ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Պապոյանն արժանացել է ICO Galileo Galilei Award-ի՝ օպտիկայի ոլորտի 2015 թվականի հեղինակավոր մրցանակին: Պարգեւը շնորհվել է «Հայաստանում ալկալային մետաղների ատոմների բարձր թողտվության սպեկտրոսկոպիայի ոլորտում կարեւոր ձեռքբերումների եւ փորձարարական ատոմային ֆիզիկայի զարգացման գործում արժեքավոր ներդրման համար» ձեւակերպմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը՝ դափնեկիրը:

Պատասխանելով մրցանակի առաջադրման մասին հարցին, Պապոյանը նշեց, որ պարգեւին առաջադրում են ICO-ի տարածաշրջանային անդամ-երկրների առանձին գիտնականներ կամ գիտնականների խմբեր: Միաժամանակ, ներկայացվում են նաեւ այլ երկրներից աջակից գործընկերների նամակներ: Արամ Պապոյանի թեկնածությունն առաջադրել են Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի գիտնականները, որոնց նամակներով աջակցել են գործընկերներ ԱՄՆ-ից, Իտալիայից եւ Լատվիայից:

Galileo Galilei Award-ը հիմնադրվել է 1993 թվականին, ICO-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Ամեն տարի պարգեւներ են հանձնում համեմատաբար դժվարին (անբարենպաստ) սոցիալ-տնտեսական պայմաններում օպտիկայի զարգացման գործում ներդրման համար: Հայտերն ուսումնասիրում է մրցութային հանձնաժողովը, որին ընտրում է ICO-ի Գլխավոր վեհաժողովը: Հանձնաժողովի որոշումը հաստատում է ICO-ի Բյուրոն:

Պարգեւը ներառում է դիպլոմ եւ Գալիլեյի արծաթե մեդալ, պարգեւատրման արարողությանը կամ ICO-ի պաշտոնական այլ միջոցառումներին մրցանակակրի ներկայության ծախսերը, ինչպես նաեւ դրամական պարգեւ, որի չափը որոշում է ICO-ի Բյուրոն (սովորաբար՝ 1.000 դոլար): ICO-ն ստանձնում է նաեւ մրցանակակրի հետագա գործունեության հետ կապված ծախսերը: Մինչեւ 2015 թվականն այս պարգեւը ստացել է 14 երկրից 21 գիտնական:

ICO-ն  Օպտիկայի միջազգային հանձնաժողով է (International Commission for Optics, ICO), որը հիմնադրվել է 1947 թվականին՝ օպտիկայի եւ ֆոտոնիկայի ոլորտում գիտական մշակումները միջազգային մակարդակով աջակցելու նպատակով:

ICO-ն միավորում է օպտիկայի ոլորտի աշխարհի 53 երկրների Տարածաշրջանային հանձնաժողովների (Հայաստանում կազմավորվել է 2011 թվականին) եւ միջազգային 6 կազմակերպությունների:

Արամ Պապոյանի խոսքով, պարգեւատրման օրն առայժմ որոշված չէ: