Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում է. այն լուրերը, թե նա պետք է մասնակցեր Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ այսօրվա հանդիպմանը, ապատեղեկատվություն է եւ իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Այդ հանդիպման ընթացքում, ինչպես հայտնում են ադրբեջանական գործակալությունները, Կովկասի մահմեդականների առաջնորդը Համայն Ռուսիո պատրիարքին խնդրելու էր միջնորդել, որպեսզի հայկական կողմը վերադարձնի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի դին: Ավելի վաղ` մահմեդականների Ռամազան ամսվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ Փաշազադեն ասել էր, թե Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը մասնակցելու է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ադրբեջանական զինված խմբավորման դիւվերսիայի արդյունքում հայկական կողմից զոհվել էր 4 զինվոր, եւս 4-ը վիրավորվել էին։ Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով Մուբարիզ Իբրահիմովի դին եւ ռազմամթերք։



























