Հանրապետության ողջ տարածքում այս պահի դրությամբ համաճարակների որեւէ վտանգ չկա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։
Նրա խոսքով, հիվանդությունների դեպքեր չեն գրանցվել նաեւ ողջ ամառվա ընթացքում. «Ինչ վերաբերում է աշնանը եւ ձմռան ցուրտ ամիսներին, այդ ժամանակահատվածում առավել հաճախ գլուխ են բարձրացնում վիրուսային հիվանդությունները՝ հիմնականում գրիպը եւ գրիպանման հիվանդությունները»,- նշեց Ասոյանը՝ հավելելով, որ ազգաբնակչության զանգվածային պատվաստումներ այս պահի դրությամբ չեն նախատեսվում։
Նշենք, որ երկու ամիս Ռուսաստանում տիրող անբնական շոգը եւ երաշտը «Արեւմտյան Նեղոսի տենդ» կոչվող էկզոտիկ համաճարակի տարածման պատճառ են դարձել։ Ինչպես գրում է «Վրեմյա Նովոստեյ»-ը, նախօրեին Վոլգոգրադի մարզում հաստատել են, որ աֆրիկյան համաճարակից արդեն իսկ 5 մարդ է մահացել։ Մարզում ընդհանուր առմամբ, 108 հիվանդ կա։ «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետները նախազգուշացնում են, որ վտանգավոր հիվանդությամբ կարող են վարակվել միլիոնավոր մարդիկ։
«Արեւմտյան Նեղոսի տենդով» վարակված միջատի խայթոցից հետո, մարդու մոտ 2-14 օրվա ընթացքում ի հայտ են գալիս հիվանդության ախտանիշերը՝ 38-39 աստիճան ջերմություն, հաճախ՝ մենինգիտի կամ մենինգոէնցեֆալիտի նշաններ։



























