Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հնարավոր է դատի տան Թուրքիայի Մալաթիա քաղաքում նույնանուն («Ոսկե ծիրան») կինոփառատոն կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքական Milliyet թերթի օգոստոսի 20-ի համարում հոդված է տպագրվել այն մասին, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում անց է կացվելու Մալաթիայի  1-ին միջազգային կինոփառատոնը եւ որի գլխավոր մրցանակը կոչվելու է «Ոսկե Ծիրան»:  Վերջում հոդվածագիրը հիշեցնում է, որ 2004 թվականից Երեւանում արդեն անց է կացվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն:

Այս առնչությամբ, NEWS.am-ի թղթակցի հարցերին ի պատասխան, Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը տեղեկացրել է,. որ Երեւանյան «Ոսկե Ծիրան»-ը ոչ մի կապ չունի վերը նշված միջոցառման հետ: Բացի այդ,  «դատական կարգով  անվանումը օգտագործելու վիճարկման հարցը մեր կողմից կքննարկվի լիակատար եւ վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո»: