ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ներկա է գտնվել «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երեւան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:
Տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական այդ ցուցահանդեսն արդեն 15-րդ տարին մեկ հարթակի վրա է հավաքում խոշորագույն հայրենական արտադրողներին (ավելի քան 100 ընկերությունների, ասոցիացիաների, միությունների եւ կազմակերպությունների) եւ արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին: Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց արտադրանքը, գտնելու շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ (մասնակից երկրները` Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իրան, Լիտվա, Լեհաստան), ինչպես նաեւ նպաստում է հաջող մարքեթինգի իրականացմանը, օգնում է մասնագետներին եւ գործարարներին` ծանոթանալու արդյունաբերական արտադրության ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին եւ ինովացիոն համակարգերին:
Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին եւ ինովացիոն համակարգերին:
Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի շուրջ:
































