Հայաստանի նոր ատոմակայանը կունենա հատուկ պահպանիչ կափարիչ եւ թաքստոց, ուր կարող է «ընկղմվել» լուրջ վթարների վտանգի դեպքում։ Այդ մասին այսօր` օգոստոսի 24-ին, Արմավիրում կայացած հասարակական լսումների ընթացքում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ Նրա խոսքով՝ ատոմակայանի կափարիչը կարող է անվնաս պահել կայանը աշխարհի ամենախոշոր ինքնաթիռի՝ A-380-ի հարվածի դեպքում։
Բացի այդ՝ կայանը կունենա կառավարման պասիվ համակարգեր, որը վթարային իրավիճակներում կկարողանա պաշտպանել կարեւոր վթարային հանգույցները։ Այս ամենը թույլ է տալիս մասնագետներին հայտարարելու, որ նոր կայանը կունենա անվտանգության բարձրագույն համակարգ։ Եթե տեղի ունենա ռադիոակտիվ նյութերի հետ կապված ծանր (արտանախագծային) վթար, ապա դրա ազդեցության առավելագույն տարածքը կընդգրկի ռեակտորից 3000 մ սահմանագծով տարածքը։ Նշենք, որ Երեւանը գտնվելու է ռեակտորից 32 կմ, Արմավիրը՝ 9,2 կմ, Մեծամորը՝ 4,6 կմ հեռավորության վրա։ Թուրքիայի սահմանից հեռավորությունը կազմում է 16 կմ։
Ըստ Արեգ Գալստյանի՝ նոր ատոմակայանի շահագործման տեւողությունը 60 տարի է։ Գործող ատոմակայանի շահագործման տեւողությունը 30 տարի է, վերջնաժամկետը 2017-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր:
Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:



























