Այս տարվա յոթ ամիսների ընթացքում Հայաստանի ողջ տարածքում գրանցվել է անտառային հրդեհների 3 դեպք։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի  վարչության պետի տեղակալ, գնդապետ Պավել Գյոզալյանը։

Նրա խոսքով, հրդեհի մեկ դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում: «Երկրորդ եւ երրորդ դեպքերն արձանագրվել են «Կապուտակ Սեւան» հանգստյան գոտուն հարակից տարածքում եւ Վայոց ձորի մարզում՝ ավելի կոնկրետ Ջերմուկում»,- տեղեկացրեց Գյոզալյանը։

Նրա խոսքով, անցած տարվա առաջին 7 ամիսների համեմատությամբ թե՛ մայրաքաղաքում եւ թե՛ մարզերում հրդեհների թիվը կտրուկ աճել է: «Հունվարից մինչեւ օգոստոս հանրապետությունում մարվել է ընդհանուր առմամբ 1653 հրդեհ՝ անցած տարվա 837 դեպքի դիմաց (աճը կազմել է 103 տոկոս), որոնցից 912-ը՝ Երեւանում: Սա  497 դեպքով ավելի է, քան անցած տարի»,- հայտնեց ԱԻՆ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է եղել: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրդեների պատճառ, իրենց անզգույշ գործողություններով, հիմնականում, դառնում են մարդիկ: Դեպքերի 99 տոկոսը գրանցվում է հենց նրանց մեղքով»,- ընդգծեց ԱԻՆ Փրկարարական ուժերի  վարչության պետի տեղակալը՝ որպես հրդեհների բռնկման պատճառ առանձնացնելով անփութորեն մի կողմ նետված սիգարետները կամ ռեստորանային համալիրներում հրավառության դեպքերը։

Վերջում Պավել Գյոզալյանը հավաստեց, որ հանրապետության անտառներում եւ հանգստյան գոտիներում, գոնե ինքը, կրակ վառել արգելող ցուցանակներ չի տեսել։