Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող արգելել, որպեսզի Դաշինքի խմբավորումները անցնեն իր սահմանով: Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես կբացի հայ-թուրքական սահմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Եվրասիայի երկրների հարցերով վարչության պետ Ֆաթիհ Ջեյլանը: Նրա խոսքով, եթե Թուրքիան արգելի ՆԱՏՕ-ի զորախմբերին իր սահմանով մտնել Հայաստան, ապա Դաշինքի Հայաստանում սեպտեմբերի 11-17-ին նախատեսված զորավարժությունները կարող են չեղյալ համարվել:
«Տեսականորեն, Թուրքիան կարող է չբացել սահմանը` անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար, բայց այս զորավարժությունները տարերային աղետների դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքներ են ենթադրում, որը չի կրելու ռազմական բնույթ»,- ասել է թուրք դիվանագետը, հաղորդում է Trend-ը:
Նրա խոսքով, եթե ՆԱՏՕ-ն Թուրքիայի տարածքով ռազմատեխնիկական սարքավորումներ տեղափոխեր Հայաստան, այդ դեպքում Թուրքիան չէր բացի սահմանը: «Հաշվի առնելով, որ զորավարժությունները ռազմական բնույթ չեն կրում, ապա հավանական է, որ այդ ընթացքում Հայաստանի հետ սահմանը բացվի` միայն անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար»,- ասել է Ջեյլանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ի վարժանքները կայանալու են սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում: Զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի 19 անդամ-երկրների եւ գործընկերների զինվորականներ, այդ թվում 3 թուրք ներկայացուցիչներ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ: Թուրքիան վերջերս տեղեկացրել էր կազմակոմիտեին, որ թուրք զինվորականները Հայաստան կժամանեն Վրաստանի տարածքով: Միեւնույն ժամանակ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները, նաեւ լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ սահմանը բացվելու է զորավարժությունների ժամանակ, սակայն ժամանակավորապես:


























