Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքով, ռուսական ռազմաբազան նպաստում է, որպեսզի ԼՂ հակամարտությունը կրկին պատերազմական փուլ չթեւակոխի:

Իր հերթին, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման հայ-ռուսական պայմանագիրը համարել է «երկու երկրների ռազմավարական իրատեսության հաղթանակ»: Նա ընդգծել է, որ նոր պայմանագիրը զգալիորեն նվազեցնում է ռիսկը, որ Ադրբեջանը ԼՂ խնդրի կփորձի լուծել ռազմական ճանապարհով: Միաժամանակ, Իվաշովը նշել է, որ շատ կարեւոր է գտնել այնպիսի դիվանագիտական ճանապարհ, որպեսզի Հայաստանի հետ համաձայնագիրը չվնասի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»: