AllBoxing.Ru-ի կայքի ընթերցողները ֆորումում բազմաթիվ հարցեր են տվել Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, գերծանրքաշային Նիկոլայ Վալուեւի նախկին մարզիչ Մանվել Գաբրիելյանին:

-Պատմեք ձեր մասին…

- Ծնվել եմ 1955թ. Գյումրիում, որը շատ մարզական քաղաք է: Սպորտով սկսել եմ զբաղվել 8-րդ դասարանում: Թույլ տղա էի, ուզում էի ուժեղ դառնալ: 1974-ին ընդունվեցի Լենինականի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, դարձա չեմպիոն: Հետո զորակոչեցին: Ծառայել եմ Գերմանիայում: Այնտեղ շարունակում էի մարզվել բռնցքամարտով: Վերադարձա եւ սկսեցի մարզչական աշխատանքս, երեք տարի անց հայտնվեցին իմ առաջին պատանի չեմպիոնները:

-Ինչո՞վ եք հիմա զբաղվում:

-Մարզիչ եմ աշխատում Լենինականում, այստեղ լավ մարզադահլիճ ունենք, ուժեղ դպրոց, մարզում եմ երեխաներին, կան նաեւ շատ փոքրերը: Ես ուզում եմ նրանց ամենասկզբից առաջ տանել, երազում եմ օլիմպիական չեմպիոններ ունենալ:

-Ինչպե՞ս է անցնում սովորական աշխատանքային օրը:

-Արդեն 40 տարի արթնանում եմ ժամը 7-ին, առաջին մարզումը 7.30-ից մինչեւ 10-ն է, երկրորդը` 15.00-ից մինչեւ 21.00, կամ ավելի ուշ: Քիչ եմ ստանում, բայց ինձ համար կարեւոր է արդյունքը, իմ նպատակն այլ է:

-Ո՞ւմ եք մարզել եւ մարզում: Ի՞նչ հեռանկարներ ունեն Ձեր սաները:

-Արտեմ Տեր-Հակոբյան, շատ բարձրակարգ տեխնիկայով մարզիկ էր, գրեթե պատրաստ էր Սեուլի Օլիմպիական խաղերին, բայց չտարան, եւ հանկարծ աղետ` երկրաշարժ, նա գնաց Մարիուպոլ, ես էլ այդ քաղաքում երկու տարի անցկացրի, հետո վերադարձա: Լյովա Կիրակոսյանը` հզոր աշակերտ է, այժմ Ֆրանսիայում է բնակվում, բազմաթիվ մենամարտեր նոկաուտով է հաղթել: Համլետ Պետրոսյանն ապրում է Թուլոնում: Մհեր Մկրտչյանին չհասցրեցի նախապատրատել Կալզագեի հետ մենամարտին, իսկ նա կարող էր հաղթել: Ասեմ, որ միեւնույն է ինձ համար ում մարզել` պրոֆեսիոնալների, թե սիրողական բռնցքամարտիկների:

-Բռնցքամարտիկներից ո՞ւմ կցանկանայիք մարզել:

-Յուրաքանչյուրին, ով ուզում է իմ օգնությունը, բայց ես սիրում եմ աշխատել աշակերտի հետ ամենասկզբից` ոչ թե վերակառուցել, այլ կառուցել առաջին աղյուսից:

-Ժամանակակիցներից ու՞մ եք համարում լավագույն մարզիչ:

-Եթե անկեղծ` մեկ ձեռքի մատերի վրա կարելի է թվարկել. Հարգում եմ ընկերոջս` Ուլլի Վեհներին, նա հրաշալի ստրատեգ ու տակտիկ է, մենք նրա հետ գերազանց հարաբերություններ ունենք, ինչի մասին, որ չենք խոսել: Ապա` Սթյուարթը, շատ բարձրակարգն է. Կլիչկոյին բարոյապես նա բարձրացրեց: Իսկական պրոֆեսոր է, իմ մասին նա նույնպես լավ կարծիք ունի:

-Չե՞ք ուզում մարզչական գործունեությամբ  զբաղվել արտասահմանում:

- Հնարավոր է` լավագույն սաներիս հետ նորից Գերմանիայում հանդես գամ, շատ հեռանկարային տղա ունեմ` 91 կգ քաշային: Իմ սաներին լավ փրոմոութերների հասցնելն իմ երկրորդ նպատակն է, առաջինը` Օլիմպիական խաղերն են: