Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը պատրաստ է օժանդակել ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դիակի վերադարձման հարցի լուծմանը։
«Ես հարգելի շեյխ ուլ իսլամից նամակ ստացա եւ համապատասխան քայլեր կձեռնարկեմ։ Հայտնի է, որ այդ հարցը միակողմանի չի լուծվում, այստեղ որոշակի խորհրդատվության անհրաժեշտություն կլինի։ Կտեսնենք, թե արդյունքում ինչ կստացվի»,- ասել է Պատրիարքը օգոստոսի 24-ին Մոսկվայում Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպումից հետո։ 1news.az-ը, հղում անելով Interfax-ին, տեղեկացնում է, որ Համայն Ռուսիո պատրիարքը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում Ամենայն Հայոց կաթողիկոսի, Համայն Ռուսիո պատրիարքի եւ շեյխ ուլ իսլամի միջեւ։ «Մենք հանդիպումները երբեք չենք դադարեցրել եւ պարբերաբար նման հանդիպումներ եղել են։ Վերջերս ադրբեջանում եւս հանդիպում կազմակերպվեց»,- ասել է Ռուսաստանի հովվապետը՝ ավելացնելով, որ առաջիկայում նման հանդիպում չի նախատեսվում, սակայն եթե «կյանքը ստիպի, ապա երեք հոգեւոր հովիվները հաճույքով կհանդիպեն, որպեսզի աջակցեն այն խնդիրների լուծմանը, որոնք առկա են»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր մոլլան խնդրել էր ռուսաց Պատրիարքին` աջակցել ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու հարցում։ Խոսքը հուլիսի 18-ին Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն հարձակում գործած խմբի սպանված անդամի մասին է:



























