Սիրիայի Արաբական Հանրապետության ցանկացած խաղաղ պլան պետք է նախատեսի կարգավորման գործում Բաշար Ասադի մասնակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկացած նախաձեռնության դեպքում քաղաքական մոտեցումն ու ահաբեկչության դեմ պայքարը տարվելու են զուգահեռաբար։ Բաշար Ասադը ցանկացած նախաձեռնության դեպքում ճգնաժամի կարգավորման մասն է լինելու»,- ասել է նա։
Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ եթե Իսրայելը չդադարի Ալ Ակսա մզկիթի տարածքում սադրանքները, այդ գործողությունները վճռորոշ եւ հրատապ պատասխան կստանան։ «Ռեժիմը Ալ Ակսա մզկիթի եւ Գոլանի բարձունքի տարածքում սադրիչ գործողություններ է ձեռնարկում։ Եթե նրանք չդադարեցնեն իրենց գործողությունները, Ալ Ակսա մզկիթի շուրջ իրավիճակը կբարդանա։ Այդ քայլերը շատ վճռորոշ եւ հրատապ պատասխան կստանան»,- ասել է դիվանագետը։





























