Լոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, վթարի հետեւանքով մահացած Նազլուխանյան եղբայրները Դեբետ գյուղից էին:

Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Անուշ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրներից կրտսերը՝ 41-ամյա Աղասի Նազլուխանյանը օրերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:

Վերջինս մեկնել էր արտագնա աշխատանքի՝ բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու համար:

«Եղբայրներից յուրաքանչյուրը երեք երեխա ունի: Մյուս մահացածը՝ 52-ամյա Գագիկ Նազլուխանյանը, մոտակա քարի արտադրամասում էր աշխատում՝ որպես պահակ»,- ասաց Անուշ Սարգսյանը՝ նշելով, որ դեռեւս հայտնի չեն վթարի մանրամասները:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին ժամը 12.53-ին Լոռու մարզի Թումանյան քաղաքի կայարանի մոտ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը:

Պարզվել է, որ «Նիվա»-ի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել գետում, որի հետեւանքով 2 մարդ մահացել է: