«Իրավունք» թերթը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: Մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցն ու Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի ստորագրման փաստը՝ գեներալ-լեյտենանտը նշել է. «Հիմա բազան ունի նաեւ ֆուկցիաներ, որ պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմաններում: Մշակվելու է համատեղ գործողությունների պլան: Բացի դրանից, ՌԴ-ն հայկական բանակը մատակարարելու է ժամանակակից եւ համատեղելի զենքով: Եւ այն սպառազինությունների մրցավազքը, որ նախաձեռնում է Ադրբեջանը, դառնում է անիմաստ, քանի որ ստանձնելով ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը՝ ՌԴ-ն ապահովում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Այդ դեպքում արդեն փոխվում է սպառազինության մրցավազքի հարթությունը՝ Հայաստան-Ադրբեջանից տեղափոխվելով Ադրբեջան-Ռուսաստանի հարթություն»:
Ըստ Հարությունյանի՝ «եթե Ադրբեջանը սառը դատողությամբ եւ սթափ գնահատի պայմանագրի ստորագրման արդյունքում ստեղծված նոր ռազմաքաղաքական իարվիճակը, կհասկանա, որ խնդրի ռազմական լուծումը բացառված է առնվազն մինչեւ 2044 թվականը: Իսկ տարբեր փորձագետների գնահատականներով՝ Ադրբեջանն ունի առավելագույնը 25-30 տարվա նավթային պաշարներ, ինչի հաշվին իրենք փորձում են առավելություն ձեռք բերել, սպառվելու են»:



























