Օգոստոսի 23-ին Վանաձոր քաղաքի վարչակազմում կայացել է «Ռոսսոտրուդնիչեսվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հանդիպումը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության խնդիրները, NEWS.am-ին հաղորդել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունում:

Քննարկվել է Վոլգոգրադի, Ստավրոպոլի մարզերի եւ Թաթարստանի հանրապետության հետ Լոռու մարզի համագործակցության հնարավորությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի եւ Հայաստանի քիմիական ոլորտների պոտենցիալին, հետխորհրդային շրջանում կորսված հնարավորությունների վերականգնման հնարավորությանը:

Մասնավորապես, քննարկվել են «Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի եւ ռուսական «Նիժնեկամսկնեֆտեխիմի» համագործակցության հարցերը:

Կողմերը նշել են արհեստավարժ կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ, քննարկվել է Վանաձորում Կազանի պետական տեխնոլոգիական համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության փոխտնօրեն Մագդի Հասանովն ու Ռուսաստանում Հայկական ազգային մշակութային ինքնավարության փոխնախագահ Միխայիլ Խաչատրյանը: