Beeline-ի եւ Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ցուցադրվեց «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բեմադրությունը Հայաստանը եւ հայոց պատմությունը ներկայացնում ու մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի եւ կենդանի երաժշտության միջոցով:
«Նախեւառաջ ցանկանում եմ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի ողջ անձնակազմին` այս հիանալի բեմադրության համար: Ուրախ ենք, որ Beeline-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ դիտելու այն: Վստահ եմ` «Արմենիադա» բեմադրությունը հաջողություն կունենա տարբեր համաշխարհային բեմերում` աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց պատմության կարեւորագույն էջերը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղվա օրն ինչ է մեզ խոստանում, սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատեւել, պետք է պայքարի եւ դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հայազգի հերոսների օրինակով ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի գրավականը: «Արմենիադա» ներկայացումն այս ամենի վառ օրինակն է: Մեր ողջ անձնաակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Beeline-ին եւ մեր բոլոր գործընկերներին ներկայացումը հայ հանդիսատեսին ներկայացնելու այս հնարավորության համար», - նշեց նախագծի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն:
«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցել են նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Նշենք, որ բեմադրության պրեմիերան կայացել է 2015 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում:





























