Մինչ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սկսել է ուսումնասիրել ձեթի շուկան եւ տեղեկատվություն է պահանջել շուկայում գերիշխող «Ալեքս Գրիգից», այս ընկերությունն արդեն զգուշացրել է իրացման կետերին, որ ռուսական եւ ուկրաինական ձեթի գները նորից բարձրանալու են, այն էլ՝ շատ կտրուկ։ Նոր մատակարարվող ձեթերը կթանկանան 40-50 տոկոսով։ Մասնավորապես՝ «Ավեդով» ձեթը թանկանալու է մինչեւ 950-1000 դրամ (մոտ 2,7 դոլար), մոտավորապես նույնքան կարժենա «Զոլոտայա Սեմոչկան»։ Մատակարար կազմակերպությունը ձեթի գնի այս բարձրացումը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանում եւ Ուկրաինայում ձեթի գները բարձրանում են՝ կապված երաշտի հետ։ Ամենայն հավանականությամբ՝ նոր գները կսկսեն գործել այս շաբաթվա վերջին։
Նշենք, որ Ուկրաինան արդեն 1 ամիս է, ինչ ընդհանրապես ձեթ չի արտահանում, թեեւ հանդիսանում է ձեթի համաշխարհային շուկայի ամենախոշոր մատակարարը։ Ինչպես հաղորդում է АПК-Информ-ը՝ դա կրում է սեզոնային բնույթ եւ պայմանավորված է նրանով, որ ձեթի վերամշակման ուկրաինական գործարանները ներկայում պլանային վերանորոգման փուլում են։ Ավանդաբար ուկրաինական ձեթի մատակարարումները ակտիվանում են սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին։ Նշենք նաեւ, որ երաշտի հետեւանքով Ուկրաինայում ձեթի արտադրությունը կրճատվել է մոտ 13 տոկոսով։




























