ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարդացել Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգման մասին հայ-ռուսական արձանագրության տեքստը։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Իսկ ահա դա, մոռացել եմ, գիտե՞ք»,- ասաց Սահակյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»: