Բալթյան դաշնային համալսարանի (Կալինինգրադ) գիտնականներն ու ինժեներները մշակել են ռոբոտ խավարասեր, որը նման է այդ միջատին իր չափերով ու վարքագծով, հայտնում է կրթական հաստատության մամուլի ծառայությունը:

Առաջին երկու ամիսներին ինժեներ կոնստրուկտորները պարզապես ուսումնասիրել են խավարասերին, նրա տեղաշարժվելու ու վարքագծի առանձնահատկությունները, իսկ հետո սկսել են նախագծման աշխատանքները, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ռոբոտը խավարասերն ունի 10 սմ երկարություն, շարժվում է վայրկյանում 30 սմ արագությամբ: Ռոբոտը լուսազգայուն է, նաեւ ունի հատուկ հաղորդիչներ՝ ճանապարհին խոչընդոտներ հայտնաբերելու ու դրանք շրջանցելու համար:

Համալսարանի առաջատար ինժեներ Դանիլ Բորչեւնիկի խոսքով, գիտնականների առջեւ խնդիր էր դրված մշակել մանր մեխանիկական համակարգեր , որոնք կարող են օգտագործվել կենսաբժշկական հավելվածներում: Խոսքը կիբերպրոթեզավորման, կորցրած վերջույթների փոխարինման մասին է, որտեղ կարող է պետք լինել մանր մեխանիկա եւ բարձր ինքնավարություն ունեցող մանր էլեկտրոնիկա:

Գիտնականները նշում են, որ իրենց ստեղծած ռոբոտը կարող է տեղափոխել մինչեւ 10 գրամ բեռ , հետեւաբար ունակ է շարժական տեսախցիկով թափանցել դժվարհասանելի տեղեր: