Ռուսաստանը հստակ հասկանում է, որ Հայաստանի մասին խոսելիս հարկավոր է հաշվի առնել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Նման կարծիք օգոստոսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ես չեմ ուզում, որ Հայաստանի քաղաքական այրերը պարզունակ մտածեն: Ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման պայմանագիրը ստորագրելով՝ Ռուսաստանը հաշվի էր առնում այն փաստը, որ ղարաբաղյան հարցը գերակա է Հայաստանի համար»,- կարծում է պատգամավորը:
«Ռազմակայանը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակներում եւ պաշտպանել է նրա արտաքին սահմանները, այժմ այն պաշտպանում է Հայաստանի սահմանները եւ հայ զինծառայողների հետ համատեղ ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Դա մեզ ձեռնտու է»,- ասել է նա: Սահակյանը, միաժամանակ, դժվարացել է նշել, թե պայմանագրում քանի քառ. կմ է նշված Հայաստանը. «Բարդ հարց է, գիտեք»,- ասել է Գալուստ Սահակյանը, հավելելով, որ վերջին համաձայնագիրը շահավետ է Հայաստանի համար. «Դա միջոց է մեր երկիրն ավելի հզոր դարձնելու համար: Այո, ամեն երկիր, առաջին հերթին, պետք է ինքը կարողանա ապահովել իր անվտանգությունը, բայց կարեւորագույն ռազմավարական դաշնակցի օգնությունից չի կարելի հրաժարվել»:
Հարցին, թե ինչո՞ւ է այդ պայմանագիրը փոփոխության ենթարկվում հենց հիմա, եւ այդքան երկար ժամանակով, հանրապետական գործիչը պատասխանել է, որ դա հնարավոր է, պայմանավորված է Հայաստանում ռուս ներդրողների համար երաշխիքներ ապահովելու մտահոգությամբ: «Սա Ռուսաստանի համար երաշխիք է այն տնտեսական փոխհարաբերությունների ծավալների, որոնք առաջիկայում իրողություն են դառնալու՝ կապված ե՛ւ ատոմակայանի, ե՛ւ Իրան-Հայաստան երկաթգծի ներդրումային քաղաքականության եւ այլն։ Այս ծրագրերը իրողություն են դառնում մոտավորապես 10 տարվա շրջանակներում եւ արդեն որպես բիզնես ծրագրեր իրագործվում են եւս 10-15 տարվա ժամանակաշրջանումն»,- ասել է Գալուստ Սահակյանը, հավելելով, որ դժվար է ասել, թե ինչ կլինի քառորդ դար անց, ուստի Մոսկվան իր բիզնեսի համար երաշխիքներ է ապահովում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:



























