Հայաստանի կառավարությունը օգոստոսի 26-ի նիստում որոշել է քննարկել 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները:  

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ 2010թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132/1 հոդվածների հատկանիշներով («Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը,  հանձնելը, թաքցնելը կամ ստանալը» եւ «Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը») իրականացվել է վարույթ թվով 6 քրեական գործերով:

Բոլոր 6 գործերը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը: Դրանցից  3-ը վերաբերել են ներքին թրաֆիկինգի դեպքերին, 1-ով շահագործումն իրականացվել է եւ Թուրքիայում, եւ ՀՀ-ում, 1-ով նպատակակետ երկիր է հանդիսացել Թուրքիան, 1-ով` ԱՄԷ-ն: Նշված գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 6 զոհեր, որոնցից 1-ն` անչափահաս, մեղադրյալները 6-ն են:

2010թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով («Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը», «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը») վարույթ է իրականացվել քրեական 16 նոր գործերով, որոնցով բացահայտվել են հանցագործության 23 դեպքեր: Դեպքերից 1-ը վերաբերել է Թուրքիա փոխադրելով անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 10-ը` մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիների» աշխատակիցների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, որից 1-ն` անչափահասի օգտագործմամբ։ 7 դեպքերը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելն է, իսկ մնացած 5-ը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքեր են:

Հայաստանի ԱԳՆ-ն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանն է տրամադրել տեղեկատվություն հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ` այս ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստվող տարեկան զեկույցի պատրաստմանն օժանդակելու նպատակով: Նշյալ տարեկան զեկույցում Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում: Զեկույցը, ինչպես հայտնի է՝ հրապարակվել է հուլիսի կեսերին։

Նշենք, որ թրաֆիկինգի դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը երկրներին դասում է 3 խմբի։ Առաջին խմբում այն երկրներն են, որոնք խստորեն պատժում են թրաֆիկինգի կազմակերպիչներին եւ աջակցում են տուժողներին։ Այդ խմբում է Վրաստանը։ Երկրորդ խումբը բաժանված է 2 ենթախմբերի։ Հայաստանը առաջին ենթախմբում է՝ Բելառուսի, Ղրղըզստանի եւ Ուկրաինայի հետ։ Այս ենթախմբում ընդգրկվում են այն երկրները, որոնք լիարժեք չեն պայքարում թրաֆիկինգի դեմ, սակայն որոշակի առաջխաղացում ունեն։

Երկրորդ խմբի երկրորդ ենթախմբի երկրներում, որոնցում ընդգրկված է նաեւ Ադրբեջանը, գործնականում թրաֆիկինգի դեմ պայքար չի տարվում, հետեւաբար՝ մեծ է թրաֆիկինգից տուժողների թիվը։ Սակայն այդ երկրների կառավարությունները ծրագրեր են կազմում հաջորդ տարիների ընթացքում տրաֆիկինգի դեմ պայքարելու համար։

Երկրների երրորդ խումբը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի, նրանք են, ուր թրաֆիկինգի դեմ պայքարի մասին ընդհանրապես չեն մտածում։ Այդ երկրների թվում է, մասնավորապես, Իրանը։