«Արփա-Սեւան» բաց բաժնետիրական ընկերությունը հաղթող է ճանաչվել «Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող «Արփա-Սեւան» թունելների վերականգնման համար հայտարարված մրցույթում։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Մրցույթի արդյունքները վերջնականապես կհաստատվեն կառավարության օգոստոսի 26-ի նիստում։
«Արփա-Սեւան» ընկերությունը պարտավորվել է իրականցնել 11,8 մլրդ դրամի (մոտ 30 մլն դոլար) շինարարական աշխատանք։ Սա մոտ 1 մլրդ դրամով (մոտ 2,7 մլն դոլար) պակաս է նախնական նախահաշվից:
Մրցույթին հայտ են ներկայացրել 3 կազմակերպություններ, սակայն «Արփա-Սեւանի» առաջարկը գնային տեսանկյունից եղել է ամենանախընտրելին։
Հիշեցնենք, որ 2008 թ. փետրվարին Հայաստանի կառավարության եւ Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի (Միացյալ Արաբական Էմիրություններ) միջեւ Արփա-Սեւան թունելի վերակառուցման համար 10 մլն դոլար արտոնյալ վարկի տրամադրման համաձայնագիր է ստորագրվել:



























