Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի տարածաշրջանային համակարգող Ֆիլիպ Փիրսի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքից, որի նպատակն է` ամրապնդել Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ պետությունների եւ միջազգային այլ շահառուների միջեւ միջգերատեսչական, երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունը, հեշտացնել մարդկանց տեղաշարժը եւ ապրանքների տեղափոխումը պետական սահմանով` միաժամանակ ապահովելով պետական սահմանի երաշխավորված անվտանգությունը:

Քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը շուտով Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացնի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որի հիման վրա կմշակվի եւ կիրականացվի գործողությունների ծրագիր: