Թուրքիան փորձում է նստել երկու աթոռի վրա, բայց վաղ թե ուշ հակասությունների մեջ կմտնի Ռուսաստանի շահերի հետ: «Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:

«Մի կողմից նա ուզում է գործ ունենալ Ռուսաստանի հետ եւ միջնորդ լինել ռուսական նախագծերում, ինչպիսիքն են «Հարավային հոսք»-ն ու «Կապույտ» հոսք»-ը: Մյուս կողմից, չի ցանկանում բաց թողնել Nabucco նախագիծը, որը մրցակցում է Ռուսաստանի հետ: Դա բխում է  Թուրքիայի շահերից, բայց վաղ թե ուշ հանգեցնելու է Ռուսաստանի հետ հակասությունների»,- կարծում է քաղաքագետը:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը երբեմն բավարարում է Ռուսաստանին, բայց հաշվի առնելով դիմակայության պատմությունը, շահերը կհատվեն:

Ըստ քաղաքագետի՝ այսօր Ռուսաստանն ու Թուրքիան կարեւոր գործընկերներ են, բայց անկասկած, տարաձայնություններ կլինեն, ինչն անխուսափելի է: Դա կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի եւ Հարավային Կովկասում Թուրքիայի դերի հետ: