Ժողովրդական արտիստուհի, 90-ամյա Օֆելյա Համբարձումյանը չի ցանկանում բեմ վերադառնալ, քանի որ համերգի մասին լսելիս հուզվում է:

«Հնարավոր է վերադառնամ, բայց ես չեմ ցանկանում, հերիք է. 70 տարին քիչ չէ: Արդեն հոգնել եմ, լսում եմ համերգի անուն, հուզվում եմ: Բոլորն այդպես չեն, հիմիկվա երեխաները թռվռալով գալիս են բեմ, բայց ես, բեմի անուն լսելիս, լացս գալիս է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին:

Նրա խոսքով՝ թեեւ այս տարիքն իր դժվարություններն ունի, ինքը ո՛չ մի նոտա, ո՛չ մի երգ բաց չի թողնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայացել է ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին պատմող «Օֆելյա» ֆիլմը, որում նկարահանվել են երգչուհին եւ նրա դուստրը՝ Տաթեւիկ Հովհաննիսյանը: Ֆիլմն առաջիկայում ցուցադրվելու է արտերկրում, որից հետո այն դիտելու հնարավորություն կստանան արդեն Հայաստանյան երկրպագուները: