Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման գործն անսպասելի շարունակություն է ստացել։ «ԷկոԼուր» հ/կ-ին հայտնի է դարձել, որ Վերին Գետաշենի բնակիչներին օգոստոսի 25-ին կանչել են Մարտունու դատախազություն` ցուցմունք տալու համար: Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով՝ առանց պաշտոնական ծանուցագրի ներկայացման, որտեղ նշված կլիներ քննչական գործողությունների անցկացման պատճառը: Դատախազությունը կազմել է 15 մարդուց բաղկացած ցանկ, ովքեր պետք է հարցաքննվեն:
Բնակիչներին արդեն հայտնի է, որ կանչը կապված է հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպման հետ, որի ընթացքում 4 ժամով փակվել էր Երեւան-Մարտունի մայրուղին։ Երկու շաբաթ առաջ ոստիկանության քննիչ Հուսիկ Բաղդասարյանը տեղի բնակիչներին հարցաքննել է, պարզելու համար, թե ո՞վ է կանգնած եղել բողոքի ակցիայի կազմակերպման թիկունքում: Ներկայումս բնակիչներին հարցաքննում է դատախազության քննիչ Արթուր Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ակցիան ուղղված էր Արգիճի գետի հիմնական վտակ Գայլաձորի հունը` փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց Ձոր ուղղելու դեմ: Արդյունքում 5 համայնքներ` Վերին Գետաշենը, Ներքին Գետաշենը, Մադինան, Գեղհովիտը եւ Վաղաշենը` 30 հազար բնակչությամբ, կզրկվեին ջրի միակ աղբյուրից:
Հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը շինարարությունն անօրինական համարեց: Փոքր ՀԷԿ-ի կառուցումն անօրինական համարեց նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողոովը:




























