Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Երկիր մոլորակի բնակիչներն ականատես կլինեն տպավորիչ, գրեթե առեղծվածային տեսարանի: Երկնքում կերեւա ոչ թե պարզապես մեծ, այլ վառ նարնջագույն, գրեթե կարմիր լուսին: Աստղագետներն այս հազվագյուտ երեւույթն անվանում են գերլուսին:
Որպեսզի այս երեւույթը տեղի ունենա, պետք է համընկնեն երեք իրադարձություններ: Նախ Լուսինը պետք է շատ մոտենա Երկրին՝ նրանց հեռավորությունը պետք է կազմի 356 896 կիլոմետր: Դրա համար էլ լուսնի չափերը մոտավորապես 14 տոկոսով ավելի մեծ կթվան, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Բացի դրանից սեպտեմբերի հենց այդ օրերին լիալուսին է լինելու: Եվ վերջապես ամենակարեւորը՝ սեպտեմբերի 28-ին լինելու է լուսնի լրիվ խավարում: Նման երեւույթը կոչվում է գերլուսնային խավարում: 1900 թվականից առայսօր այդ երեւույթը ընդամենը 5 անգամ է եղել, նշում է Lenta.ru- ն: Խավարումը հնարավոր կլինի տեսնել Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Աֆրիկայի մեծ մասում, արեւմտյան Ասիայում:
Ինչպես բացատրում են մասնագետները, լուսնի արյունոտ երանգի պատճառը երկրագնդի մթնոլորտի առանձնահատկություններն են: Ամբողջ արեգակնային սպետրից այն ամենից շատ թափանցում է կարմիր գույնի ճառագայթները: Հենց դրանցից էլ Լուսինն առեղծվածային գույն է ստանում, երբ ճառագայթները հասնում են Երկիր մոլորակի ստվերում գտնվող արբանյակի մակերեսին:




























