Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն անձամբ է լծվել խաղողի մթերման կազմակերպչական աշխատանքերին: Օրերս այդ նպատակով, նա գնացել էր Արարատի մարզ, իսկ վաղը` օգոստոսի 26-ին, մեկնելու է Արմավիր: Վերջինս NEWS.am-ի թղթակցին մանրամասներ է ներկայացրել իր այցելությունների մասին:
«Արարատի մարզում մարզպետի մոտ խորհրդակցություն էինք հրավիրել, որին մասնակցել են Արարատի մարզի բոլոր խաղող մթերող կազմակերպությունները: Խաղողի մթերման ծավալների մասին գյուղվարչության պետի տեղակալի ունեցած տվյալները մենք ամբողջությամբ բաշխում ենք Արարատի մարզի խաղող մթերող կազմակերպությունների միջեւ»,-մանրամասնել է գյուղնախարարը: Ալավերդյանի վստահեցմամբ` արդեն պայմանավորվածություն ունեն, թե որ կազմակերպությունը որքան է խաղող մթերելու:
Ինչ վերաբերում է գնին, ապա անցած տարվա համեմատ, այն փոքր ինչ աճել է. եթե նախկինում 1 կգ խաղողի մթերման գինը միջինը 114 դրամ էր կազմում, ապա այս տարի 110-130 դրամով է մթերվելու:
Խաղող մթերող կազմակերպությունների անցած տարվա պարտքերին անդրադառնալով՝ նախարարը նշել է , որ դրանք մինչեւ սեպտեմբեր կմարվեն գյուղացիներին: «Դրանք ընդամենը երկու կազմակերպություն են եւ փոքր գումարներ»,-վստահեցրել է Գերասիմ Ալավերդյանը:




























