Ռուսաստանը C-300 համալիրներ է տեղադրել նաեւ Հարավային Օսիայի տարածքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն՝ մեկնաբանելով Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման պայմանագիրը:
«Ռուսաստանը C-300 է տեղադրել օկուպացված Աբխազիայի տարածքում եւ այդ համալիրներով համալրել է նաեւ Գյումրիի բազան: Թեեւ դեռ չի հայտարարվել, բայց վստահ եղեք, որ համալիրներ կան նաեւ Ցխինվալի շրջանում»,- ասել է Վաշաձեն:
Նրա խոսքով, Ռուսաստանի ազդեցության աճը Հարավային Կովկասում կհանգեցնի ընդհարման ՆԱՏՕ-ի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:



























