Թուրքիան ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի հարթի իր հասցեին հնչող քննադատությունը` կապված Եվրոպական դատարանում Հրանտ Դինքի գործով դատական գործընթացի հետ: Նման տեսակետ է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ռիզա Թուրքմենը:
Նա կարծում է, որ Թուրքիան երկու խելամիտ տարբերակ ունի. կա'մ խոստովանել, որ խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ փոխհատուցում վճարել, կա'մ հարցը լուծել դատարանից դուրս` Հրանտ Դինքի ընտանիքի հետ ուղիղ շփում հաստատելով:
«Թուրքիան կարող է այս տարբերակներից մեկն ընտրել, նախքան Եվրոպական դատարանը կկայացնի իր վճիռն ամառային արձակուրդներից հետո»,- հայտարարել է Ռիզա Թուրմենը Hürriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում, հավելելով, որ Թուրքիայի անգործության պարագայում, նա ամենայն հավանականությամբ, կպարտվի եվրոպական դատարանում:
Նախկին դատավորի խոսքով, Թուրքիան, սկզբունքորեն, կարող է սպասել դատարանի որոշմանը, սակայն այն ամենայն հավանականությամբ լինելու է Դինքի ընտանիքի օգտին: Այսպիսով, Թուրքիան մեղավոր է ճանաչվելու խոսքի ազատության սահմանափակման եւ Հրանտ Դինքին պաշտպանել չկարողանալու մեջ, այն դեպքում, երբ մինչ այդ Դինքի հասցեին հնչել էին բազմաթիվ սպառնալիքներ:




























