Իրանի ԱԳՆ-ն հատուկ պատվիրակություն է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հաջի ժամանակ իրանցի ուխտագնացների զոհվելու հանգամանքները հետաքննելու, ինչպես նաեւ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար: Այս մասին գրում է IRNA գործակալությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Իրանի ղեկավարի եւ հոգեւոր առաջնորդի՝ հաջի եւ ուխտագնացության հարցերով պաշտոնական ներկայացուցչի տվյալներով, 365 իրանց ուխտագնաց անհետ կորած է համարվում: Ավելի վաղ երկրի Հաջի եւ ուխտագնացության կազմակերպությունը տեղեկացրել էր, որ Մինայի հովտում տեղի ունեցած ողբեգրության ժամանակ Իրանի 131 քաղաքացի է զոհվել, վիրավորվել՝ 150-ը:

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով, հինգշաբթի տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում, ընդհանուր առմամբ, 717 ուխտագնաց է զոհվել, տուժածների թիվը գերազանցում է 800-ը: Թագավորության իշխանությունները խոստացել են առավելագույն սեղմ ժամետներում հետաքննել ողբերգության հանգամանքները: